Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհարագրագետ Լևոն Գալստյանը անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման հարցին․

«Կառավարությունը մտադիր է ստեղծել խումբ կամ հանձնաժողով, որը կքննարկի Ամուլսարի հանքի շահագործման հարցը ավելի մանրամասն», - նշել է նա հավելելով, որ այս մասին ասել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` Ամուլսարի շահագործմանը դեմ և հանք տանող ճանապարհները փակած ցուցարարների հետ հանդիպումից հետո: Փոխանցում է news.am-ը։

Նշենք, որ փոխվարչապետը խոստացել է նաև տեսչական ստուգումներ անցկացնել Ամուլսարում:

Լևոն Գալստյանի խոսքով «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը մի քանի օր առաջ իր դիրքորոշումը հայտնել էր շանտաժի և սպառնալիքների տոնով, այդ իսկ պատճառով իրենց այլևս չի հետաքրքրում ընկերության դիրքորոշումը, իրենց միայն հետաքրքրում է Հայաստանի բնության պահպանումը:

«Իրենց միայն ներդրումներն են հետաքրքրում, երբ որ բնությունը քանդելու, ոչնչացնելու , ջրերն աղտոտելու համար սարքավորումներ են ներկրում և դրա համար փող են վճարում, դա ներդրում չի: Հանքի շահագործումը կաղտոտի Հայաստանի ջրային կարևորագույն պաշարները, դա ապացուցված փաստ է, այդքանը միայն բավական է, որ հանքավայրը չշահագործվի, քանի որ վտանգվում է Որոտան մտնող գետերը, Կեչուտի ջրամբարը, Ջերմուկի հանքային ջրերը և ի վերջո Որոտան - Արփա ջրատարով նաև Սևանա լիճը», - ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են վերաբերում այն փաստին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունը կապում են Լիդիան Արմենիա ընկերության հետ, Լևոն Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք այս հարցով դիմել են նախագահին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

Մասնավորապես նախագահին ուղղված նամակում նրանք հետևյալ պարզաբանումներն են պահանջել նախագահից. Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ․ դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ, որ բաժնետերերն են առաջադրել ձեր թեկնածությունը, և ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից: Նախագահից այս հարցերի վերաբերյյալ դեռ պարզաբանումներ չեն ստացել:

Նշենք, որ բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը և այն պետք է դադարեցվի: