Օտար լեզվով առանց հայերեն թարգմանության միջոցառում կազմակերպողները խիստ կտուգանվեն. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարարությունն առաջիկայում հանդես կգա նախաձեռնությամբ, որպեսզի լեզվի մասին դրույթները խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է.
Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:
Հարգելի տնտեսվարողներին, հյուրանոցների սեփականատերերին, այլ տարածքներ վարձով տրամադրող ընկերություններին կոչ եմ անում յուրաքանչյուր կազմակերպչի զգուշացնել այս օրենքի հնարավոր խախտման և համաժամանակյա թարգմանության պարտադիր լինելու մասին: Այս կապակցությամբ շուտով կուղարկվեն շրջաբերականներ:
Առաջիկայում հանդես կգանք նախաձեռնությամբ, որպեսզի այս կետը խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար»: