«Մեծ յոթնյակի» առաջնորդները հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու պատրաստակամության մասին, եթե վերջինիս գործողությունները դա պահանջեն։ Այս մասին ասված է Կանադայում «յոթնյակի» երկօրյա գագաթնաժողովի ավարտին ընդունված ամփոփիչ հռչակագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կրկին դատապարտում ենք Ղրիմի անօրինական բռնակցումը եւ հաստատում ենք մեր շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված նրա սահմաններում», - նշված է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:

Բացի այդ, G7-ի ղեկավարները պահանջում են, որ Մոսկվան դադարեցնի սիրիական իշխանություններին աջակցություն ցուցաբերել: Կոմյունիկեում նրանք կոչ են անում դադարեցնել «ապակայունացնող գործունեությունը», «ժողովրդավարական համակարգերի խարխլումը» և «սիրիական ռեժիմին աջակցությունը»:

«Յոթի խմբի» առաջնորդները համաձայնություն են հայտնում Բրիտանիայի այն գնահատականին, որ ՌԴ-ն մեծ հավանականությամբ կանգնած է Սոլիսբերիի միջադեպի ետևում: