Գազի և էլեկտրաէներգիայի գինը կարելի է իջեցնել առնվազն 20%-ով․ Արամ Մանուկյան
Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման շուրջ քննարկումները, որ նախաձեռնել էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, ըստ էության, անարդյունավետ կարելի է համարել։ Նախարար Արթուր Գրիգորյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց, որ սակագինը կարող են իջեցնել առնվազն 10 դրամով, այն էլ՝ միայն անապահով խավի 110-120 հազար ընտանիքների համար, այն էլ՝ ՀԷՑ-ի շահույթի հաշվին։ Իսկ գազի սակագնի իջեցման մասին որևէ խոսք չի գնում։
ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, 2014թ.-ին խորհրդարանում ստեղծված գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը, սակայն, «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հնարավորություն շատ կա, և պատրաստակամություն հայտնեց աջակցելու կառավարությանն այդ հարցում.
«Նախքան այս սակագինը սահմանին գործում էր 195 դոլար գինը։ Հիմա սահմանին մենք գազը գնում ենք 150 դոլարով։ Այսինքն՝ այս ընթացքում սահմանի վրա գինն իջել է 45 դոլարով, կամ մոտ 20%։ Էլեկտրաէներգիայի 35-40%-ը ստացվում է գազից։ Հետևաբար՝ համեստ հաշվարկներով՝ գազի և էլեկտրաէներգիայի գինը կարելի է իջեցնել 20%-ով։ Նախկին իշխանությունները սրան համապատասխան սակագնի փոփոխություն չեն արել։
Այսօրվա իշխանության խնդիրը պետք է լինի գազի նվազ գին սահմանելը քաղաքացիների համար, դրան ածանցյալ՝ փոփոխություն կատարել էլէներգիայի սակագնի վերաբերյալ, հետո խոսել այն իջեցումներից, որոնց մասին ես տարիներ շարունակ ասել եմ։ Առնվազն 5 աղբյուր կա գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար՝ շահույթ, ամորտիզացիա, ներդրումներ, ապարատի կրճատում, կորուստների բաժին։
Այսինքն՝ այս պահին շատ ավելի հնարավորություն կա իջեցնելու, և այն, ինչ իրենք անում են՝ 10 դրամ միայն սոցիալապես անապահովներին, սա ամենևին իրենց հնարավորությունը չէ։ Եվ ես կարծում եմ՝ իշխանությունը պետք է հետամուտ լինի առնվազն լուրջ ուսումնասիրություն անելու իմ ներկայացրած հիմքերով իջեցման համար։ Ի վերջո, հիմա անելու շատ բան չկա, որովհետև այդ փաստաթղթերը ՀԱԿ-ը պատրաստել էր, դրանք կան գազի հանձնաժողովի արձանագրություններում, ընդամենը հարկավոր է մտահոգ մարդ, որը զբաղվի սրանով և կառավարությանը ներկայացնի հիմնավոր փաստեր»։
Դիտարկմանը, որ առաջիկայում ընտրություններ են, և էլեկտրաէներգիայի ու գազի գնի իջեցման դափնիները կարող է գնալ Փաշինյանին, հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ական նախարարը քաղաքական նպատակներով դրան չի գնում, Ա.Մանուկյանը նշեց, որ չի ուզում այդ ճանապարհով գնալ.
«Այսօր Ծառուկյանն աջակցում է կառավարությանը, միավորներ փախցնելու տեղ չէ։ Ի վերջո, հեղափոխության բարիքները ժողովուրդն է վայելելու։ Ինձ բացարձակ չի հուզում, թե ով նախաձեռնություն հանդես կբերի։ Ես ուզում եմ՝ իմ տարիների աշխատանքն արդյունք բերի»։
Թե այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ականները չեն մատնանշել հնարավոր ուղիները, Ա.Մանուկյանը պատասխանեց.
«Հակահեղափոխությունը կանգնած է և չի ուզի էժանացնել։ Այն մարդիկ, որ տարիներ շարունակ պայքարել են, չեն ուզի՝ գազն էժանանա, այլապես կստացվի, որ մենք ճիշտ էինք ասում՝ էժանացման տեղ կա։ Ի վերջո, իշխանությունը խորհրդարանում դեռ այդ մարդկանց ձեռքին է, հեղափոխությունն ԱԺ-ում չի հաղթել։ Կառավարությունը պետք է փաստերով զինված գնա այս խնդիրը լուծելու՝ վստահ լինելով, որ կհաղթեն»։