ԱՄՆ-ն «կիբերհարձակման մասնակցության և ռուս զինվորականներին և հետախուզական ծառայություններին այլ չարամիտ գործողություններում օգնելու համար» պատժամիջոցներ է կիրառել մի շարք ռուսաստանյան ընկերությունների և գործարարների նկատմամբ:

Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում հինգ ռուսաստանյան ընկերությունների և նրանց երեք ղեկավարների նկատմամբ: Պատժամիջոցները սառեցնում են նրանց բոլոր ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի իրավասության մեջ և արգելում են ամերիկացիներին նրանց հետ բիզնեսով զբաղվել:

«ԱՄՆ-ն մշտապես ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնության պատվերով գործող չարամիտ դերակատարների դեմ պայքարելու համար», - ասվում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ:

Պատժամիջոցները կվերաբերեն հետևյալ ընկերություններին՝ Digital Security-ին և նրա դուստր ձեռնարկություններ ERPScan-ին և Embedi-ին, գիտահետազոտական ինստիտուտ «Քվանտ»-ին և «Դայվտեխնոսերվիս»-ին: Պատժամիջոցները կազդեն նաև գործարարներ Ալեքսանդր Տրիբունի, Օլեգ Չիրիկովի և Վլադիմիր Կագանսսկու վրա: