Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ մասին նա ասել է մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում։

«2017թ․-ին մեր ժողովուրդը ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով։ Այդ ժամանակը նախատեսված է նաև օրենսդրական դաշտը համապատասխեցնելու համար։ 2020թ․-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին», - ասել է Բակո Սահակյանը։

«Իմ ամսնակցությունը կլինի միայն որպես Արցախի քաղաքացի, որը ընտրում է նոր նախագահ։ Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից։ Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես որպես գործող նախագահ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»։