Ավստրիայի ներքին գործերի նախարարության Սահմանադրության և ահաբեկչության դեմ պայքարի դաշնային գերատեսչությունը (հակահետախուզություն) Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցի դեմ սպառնալիքների վերաբերյալ հետաքննություն է սկսել, ինչպես նաև ուժեղացրել է նրա և երկրի կառավարության նախարարների պաշտպանությունը։ Այս մասին հաղորդում է Ավստրիայի Österreich հրատարակությունը:

Հատուկ ծառայությունը քրեական հետաքննություն է սկսել այն անձանց դեմ, որոնք Facebook սոցիալական ցանցի միջոցով սպառնում են Ավստրիայի կառավարության ղեկավարին:

Ավստրիայի իշխանությունները կասկածում են, որ այդ սպառնալիքների հեղինակները Թուրքիայից եկած գաղթականներ են:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Ավստրիայի իշխանությունները հայտարարեցին Ավստրիայում Հանուն մշակութային և սոցիալական համագործակցության թուրք-իսլամական միության մոտ 40 իմամների արտաքսման և մզկիթների փակման մասին, որոնք պայմանավորված էին իսլամի մասին օրենքի խախտմամբ և արտասահմանից ֆինանսավորմամբ:

Սեբաստիան Կուրցը այդ ժամանակ հատուկ շեշտել էր, որ Վիեննան պաշտպանում է կրոնի ազատությունը, բայց երկրում կան օրենքներ, որոնց պետք է հետևել: Իր հերթին Ավստրիայի մուսուլման կրոնական համայնքը դժգոհել էր այս քայլից, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի անտեսի դա և միջոցներ ձեռնարկի այդ որոշման դեմ: