Պետությունը ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տուն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում կհատկացնի: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Փոխհատուցման չափի որոշման հիմքում պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակն է, բնակելի տան վարձակալության վայրի սկզբունքները, փոխհատուցման իրավունքը և վճարումը դադարեցնելու պայմանները:

Երևան քաղաքում բնակարանի վարձակալության դեպքում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին պետությունը կփոխհատուցի 45.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 67.500 դրամ: Այլ քաղաքների դեպքում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքը կփոխհատուցվի 24.000 դրամով, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքը՝ 36.000 դրամով:

Այլ բնակավայրերում բնակելի տարածքի վարձակալության դեպքում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին պետությունը կտրամադրի 15.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 22.500 դրամ: