Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակման փաստաթղթերը, չնայած մանրակրկիտ ձևակերպմանը, ապացույցներ չեն պարունակում Ջերմուկի հանքային ջրերի, Ամուլսարի գոտում հանքային ջրերի, դրանց հետ կապված Սպանդարյան-Կեչուտ թունելի, Կեչուտ ջրամբարի և Սևանա լճի վրա ազդեցության բացակայության մասին: Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը: Փոխանցում է news.am-ը։

Նրա խոսքով՝ «Lydian» ընկերությունը և Բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները ընդունել են այս փաստը, սակայն ոչ մի քայլ չեն նախաձեռնել: Ըստ որում՝ «Lydian» ընկերությունը հայտարարում է հետազոտություն անցկացնելու և դրա արդյունքները տրամադրելու պատրաստակամության մասին, իսկ Բնապահպանության նախարարությունը պնդում է իբր «ամեն ինչ ապացուցված է, և ամեն ինչ նորմալ է»: «Ստեղծված իրավիճակի անմիջական մեղքն ընկած է Բնապահպանության նախարարության վրա, որը գործով կատարում է լեռնահանքային ընկերությունների իրավապաշտպանի և շրջակա միջավայրի աղտոտման թույլտվություն տրամադրողի գործառույթներ: Բնապահպան պաշտոնյաները զուրկ են պետական մտածողությունից»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ հանքի մշակման թույլտվությունը և ջրերի կառավարման ծրագիրը պետք է համաձայնեցված լինեն, սակայն փաստաթղթերն ընդունվել են առանձին, ինչը վկայում է իրավասու պետական մարմինների անգործության մասին:

«Ցավոք, նման իրավիճակը շարունակվում է մինչ օրս, Բնապահպանության նախարարության աշխատակիցները իրենց աշխատանքի ոճը չեն փոխում: Համակարգում բարեփոխումներ են պահանջվում, իսկ այնտեղ փոխվել է ընդամենը 1,5 մարդ: Գերատեսչության ոչ ադեկվատ գործունեությանը նպաստում է հենց բնապահպանական օրենսդրությունը, որը մեծ թվով բացթողումներ ունի: Փաստորեն, Բնապահպանության նախարարությունն անցկացնում է հակաբնապահպան քաղաքականություն», - պարզաբանեց գիտաշխատողը:

Փորձագետը շեշտեց, որ բնապահպանական խնդիրներ առաջանում են Հայաստանի տարածքում անխտիր բոլոր հանքերի մշակման ժամանակ, լեռնահանքային ընկերությունները շրջակա միջավայրն աղտոտում են անարգել ու անխնա, ինչի մասին է վկայում այն փաստը, որ 2012թ․-ին Հայաստանի մակերևութային ջրերի աղտոտվածությունը կազմում էր 17 տոկոս, իսկ 2017թ․-ին արդեն անցել է 30 տոկոսից՝ գործնականում 2 անգամ մեծանալով:

Նա օրենսդրական խնդիրներին դասեց այն փաստը, որ լեռնահանքային ընկերությունների համար պարտադիր չէ Բնապահպանության նախարարությանը և հանրությանը ներկայացնել հանքավայրի շահագործման նախագիծը, այն պարունակվում է միայն պայմանագրում, որը կնքվում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ: Այսպիսով, Բնապահպանության նախարարությունը ընկերության բնապահպանական ծրագիրը գնահատում է չծանոթանալով, թե այն ինչի հիման վրա է կազմվել: Հետևաբար՝ խնդիրը նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատանքի մեջ է: Դե, իհարկե, զերծ չեն մնացել նաև կոռուպցիոն սխեմաներից:

«Civil Voice»-ի մեկ այլ փորձագետ, բնապահպան Սիլվա Ադամյանն, իր հերթին, նշեց, որ երկրի օրենսդրությունն արգելում է Ամուլսարի գոտում լեռնահանքային արդյունահանման գործունեությունը, քանի որ այստեղ բնակվում են Կարմիր գրքի մեջ մտած շատ տեսակներ, ինչպես նաև հազվագյուտ բույսեր են աճում: Դրանից զատ, Ջերմուկն ազգային արժեք է:

«Հիմա արդեն հանրությունը եւ տեղի բնակիչները հանդես են գալիս Ամուլսարի հանքավայրի մշակման դեմ, «Lydian» ընկերությունը, վտանգը զգալով, ակտիվիստների և բնապահպանների դեմ ֆեյսբուքյան արշավ է սկսել», - ասաց Ադամյանը:

Նրա խոսքով՝ «Lydian international» ընկերությունը նույն պատճառներով մտադիր է դիմել Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան՝ հայտարարելով, թե Հայաստանում չի կարող աշխատել, և նրանից 2 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում:

Երևանի պետական համալսարանի տարածաշրջանային երկրաբանության, քարաբանության և հանքանյութերի ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանն, իր հերթին, նշեց, որ Ամուլսարին կից տարածքներում մեծ թվով սողանքներ կան, ինչի մասին չի հիշատակվում Ամուլսարի ծրագրում:

«Հանքավայրում պայթյուններից հետո այս սողանքները կակտիվանան և կհանգեցնեն Սպանդարյան-Կեչուտ թունելի ավերմանը», - շեշտեց նա: