Ադրբեջանում ձերբակալվել է «Թոլիշոն սադո» («Թալիշների ձայնը») թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը:

Turan-ի փոխանցմամբ՝ նրան տեղափոխել են Լյանկյարանի ոստիկանական բաժին:

«Ես արդեն երեք ժամ է այստեղ եմ՝ ոստիկանությունում», - ասել է Ջալիլովը, որին մեջբերում է գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ այս ամբողջ ընթացքում նրան հարցաքննում են թերթի գործունեության վերաբերյալ: Ջալիլովի հետ միասին ոստիկանությունում են պահվում նաև նրա երկու քույրերը, եղբայրը և հղի դուստրը:

Նշենք, որ թալիշական թերթի խմբագիրները պարբերաբար հայտնվում են ադրբեջանական ուժայինների ուշադրության կենտրոնում: Ժամանակին ձերբակալվել էր այս թերթի խմբագիր Գիլալա Մամեդովան: Ավելի ուշ թերթի աշխատակից Շահին Միրզոևը դիմել էր Հայաստանի իշխանություններին ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով: