Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Կայսերիի քաղաքապետարանը եկեղեցու վերանորոգման համար 3.5 միլիոն թուրքական լիրա (մոտ 915 հազար ԱՄՆ դոլար) կհատկացնի:

Կայսերիի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության Կայսերի շրջանի մշակութային հուշարձանների պահպանության խորհրդի թույլտվությունը ստանալուց հետո 2018-ի տարեսկզբին կավարտեն եկեղեցու վերականգման նախագիծը: Այնուհետև կսկսեն բուն վերանորոգման աշխատանքները, որը կտևի 4.5 ամիս:

Նախատեսվում է վերակառուցել նաև եկեղեցու բակում գտնվող Գյումուշյան դպրոցի շենքը, որը 1868 թվականին կառուցել է Դանիել և Հովհաննես Գյումուշյան եղբայրները:

Նշվում է, որ Կենտրոնական Անատոլիայի ամենահին եկեղեցին, որը կառուցվել է 1191 թվականին, հայերի համար կարևոր ուխտավայր է եղել:

Աղբյուրն անդրադառնում է նաև հայերի համար Կայսերիի նշանակությանը՝ հիշեցնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ծնվել և մեծացել է հենց այդ քաղաքում: Նրա առաջնորդությամբ հայոց թագավոր Տրդատ 3-րդը 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն է ընդունել, իսկ Սուրբ Գրիգորին հետ է ուղարկել Կայսերի, որտեղ էլ վերջինն օծվել է Հայաստանի առաջին կաթողիկոս: