Այս պահին ուժի մեջ է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի այն դրույթը, ըստ որի հուլիսի 1-ից բոլորն առանց բացառության պետք է ներգրավվեն համակարգում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, եթե ոչինչ չփոխվեր, նախկինում համակարգում ընդգրկված մոտ 207 հազար քաղաքացիները պետք է շարունակեին վճարել նախկին չափով, գումարած ևս 80 հազար քաղաքացիներ պետք է ընդգրկվեին համակարգում.

«Այս պայմաններում մենք ունեինք երկու տարբերակ. առաջին, ոչինչ չձեռնարկել, ինչը մեզ համար ընդունելի չէր, քանի որ նոր կառավարությունը պետք է ինչ-որ բան աներ մարդկանց վիճակը թեթևացնելու համար։ Տարբերակ երկու՝ հետաձգել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի կիրարկումը։ Բայց եթե հետաձգում ենք օրենքը 80 հազար քաղաքացիների համար, մենք անարդար ենք վարվում այն 207 հազար մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն համակարգի մեջ են և շարունակում են վճարել։

Կա նաև տարբերակ՝ ընդհանրապես կանգնեցնել համակարգի գործունեությունը, բայց այստեղ առաջ է գալիս մի խնդիր, որ մենք բախվում ենք կուտակային հիմնադրամների կառավարիչների հետ հակամարտության մեջ մտնելու իրավիճակի հետ։ Մենք որևէ կոնֆլիկտից չենք վախենում, բայց այդ ֆոնդերը կառավարում են աշխարհում բավականին բարձր վարկանիշ ունեցող կառավարիչներ ու եթե մենք նրանց համար խաղի կանոններ ենք փոխում, այդ լուրը շատ արագ տարածվում է և ստացվում է, որ ՀՀ-ում տնտեսական գործունեության համար խնդիրներ կան։ Այդ պայմաններում մեզ համար դժվար կլինի այլ ներդրողների հրավիրել Հայաստան», - հայտարարեց Փաշինյանը։

Որպես լուծում Փաշինյանն ասաց.

«Մենք առաջարկում ենք հետևյալը. եթե նախկինում պարտադիր կուտակային հիմնադրամին 5 տոկոսը վճարում էր քաղաքացին, 5 տոկոսը՝ պետությունը, հիմա քաղաքացին կվճարի 2,5 տոկոսը, իսկ 7,5 տոկոսը կվճարի պետությունը։ Սա նշանակում է, որ այն 207 հազար քաղաքացիները, որոնք վճարումներ էին անում, սկսելու են ավելի քիչ վճարել։ Ստացվում է, որ այդ քաղաքացիների աշխատավարձը մոտ 5 հազար դրամով ավելանալու է։

Մենք առաջարկում ենք այս խնդիրը լուծենք, որ ցնցումներ չլինեն տնտեսության մեջ, իսկ հետո ստուգենք, ուսումնասիրենք, թե որքանով են կատարվել այս ոլորտում ՍԴ ընդունած որոշումները։ Եթե պարզվի, որ այս համակարգը հակասահմանադրական է, դրանում ողբերգություն չկա, քանի որ այդ գումարները նստած են քաղաքացիների հաշվին», - ընդգծեց վարչապետը։