Թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու 2018 թ.-ի Հունիսի 19-ին, Գյուլբենկյան 38 հասցեում։ Շնորհանդեսին կմասնակցի Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավերով այդ օրերին Երևանում գտնվող հեղինակը՝ Թաներ Աքչամը։

Երևանում տպագրված հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:

Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ:

Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918 թթ.: Թ. Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:

Գիրքը թարգմանվել և հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Թարգմանիչն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը, իսկ պատասխանատու խմբագիրը` հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը: