Ադրբեջանցի փախստականները բողոքի ակցիա են անցկացրել նախագահականի մոտ
Աշխատավարձերի կամ աշխատանքի պահանջով ադրբեջանցի փախստականների մի մեծ խումբ երեկ կրկին բողոքի ակցիա է կազմակերպել նախագահական վարչակազմի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ իշխանության ներկայացուցիչները ընդունել են որոշ ցուցարարների և լսել նրանց բողոքները:
Լրատվամիջոցը նշում է, որ փախստականների խումբը բողոքի ակցիա է իրականացրել նաև անցյալ շաբաթ՝ «հարուցելով իշխանությունների դժգոհությունը»: «Թուրան»-ը, սակայն, շեշտում է, որ իրավապահները ուժ չեն գործադրել ցուցարարների նկատմամբ:
Այսօրվա ակցիայի մասնակիցներից՝ փախստական Այնուր Մամեդովան «Թուրան»-ի հետ զրույցում պատմել է, որ իշխանությունները դեռևս անցյալ տարի էին իրեն խոստացել աշխատանքով ապահովել․
«Ինձ ոչ աշխատանք են տվել, ոչ էլ ապահովել են իմ վերադարձը հարազատ վայրեր: Այս սուտը շարունակվում է արդեն 25 տարի», - ասել է Մամեդովան՝ հավելելով, որ ապրում են «չքավորության մեջ»: