Ազգային անվտանգություն ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում: Այս մասին հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Ստուգումները կապված են «Երևան» հիմնադրամի հետ: Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար նշել էր, թե հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է, կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ: Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները դուրս գալով Երևանի քաղաքապետարանի շենքից սև փաթեթներ են դուրս բերել: Թե ինչ է եղել դրանց մեջ, նրանք հրաժարվել են պատասխանել:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից՝ իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով: