Արդարադատության ակադեմիայի ռեկտորը մասնակցել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին
Հունիսի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) Գործողությունների ծրագրի Միջգերատեսչական կոմիտեի նիստ, որին մասնակցել է նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵԽ Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը, Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանը , ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանդիպման նպատակն էր ամփոփել և գնահատել մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ապահովման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտների բարեփոխումներին ուղղված 2015-2018թթ. գործողությունների ծրագրի արդյունքները, ինչպես նաև անդրադառնալ հաջորդ փուլի՝ ուրվագծվող 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի առաջնահերթ ուղղություններին։
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, բարձր գնահատելով և կարևորելով Ակադեմիայի և ԵԽ-ի միջև համագործակցությունը, անդրադարձել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից մշակված 5 նոր դասընթացներին: Այդ դասընթացները ներդրվել են Ակադեմիայի ուսուցման ծրագրերում, որի արդյունքում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում են անցել ինչպես դատավորի, դատախազի և քննիչի թեկնածուները, այնպես էլ գործող դատավորները, դատախազները և քննիչները: Սերգեյ Առաքելյանը իր խոսքում նաև կարևորել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» վերաբերյալ ԵԽ HELP առցանց դասընթացը, որը համապատասխանեցվել է ՀՀ օրենսդրությանը: Առաջիկահում նախատեսվում է այդ դասընթացի 2-րդ փուլի մեկնարկը: