Սեյրան Օհանյանը հարցաքննության է կանչվել
ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների քրեական գործով հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Փոխանցում է ՊանԱրմենիան-ը։
ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։
ՊԵԿ-ից հայտնում են, որ միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք:
Նշենք, որ Սեյրան Օհանյանը ՊՆ ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում մինչև 2016թ․-ի հոկտեմբեր ամիսը:Նա պաշտպանության նախարար էր նշանակվել 2008-ին:Մինչ այդ նա զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: