Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանն ու մյուսներն ազատ արձակվեցին
Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը:
Ավելի վաղ՝ վերաքննիչ բողոքի քննությունից հետո, մեղադրող Պետրոս Պետրոսյանը մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ էր նշել՝ միջնորդելով Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Գալուստ Գրիգորյանին 3.6-ի փոխարեն դատապարտել 3 տարի ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Նշենք, որ նախորդ երկու դատական նիստերին պաշտպաններն ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացրել:
Ավելի վաղ ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Վարդևան Գրիգորյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Սերգեյ Բագրատյանը և «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել:
«Ելք»-ից Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը նաև անձնական երաշխավորություն էին ներկայացրել Գևորգ Սաֆարյանին կալանքից ազատելու համար, իսկ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը՝ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի համար:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, Գևորգ Սաֆարյանին՝ ընդհանուր 5 տարի 5 ամիս, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի 5 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինի պատժի կրման ժամկետն ավարտվել է, և մայիսի 31-ին նա ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015թ․-ի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014թ․-ի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ՝ 2015թ․-ի նոյեմբերից մինչև 2016թ․-ի մայիսի 18-ը կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցվել:
Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանն ու Հովհաննես Պետրոսյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից):
Գևորգ Սաֆարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն):