Հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը
Հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Այս մասին տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները: Փոխանցում է news.am-ը։
«Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երևանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ՝ տարբեր դահլիճներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանական համալիրի տարածքում և Գորիսում: Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ», - նշում են կազմակերպիչները:
Նշենք, որ այս տարի հազարից ավելի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 13 երկրներից 28 ֆիլմ: Բացի այդ՝ փառատոնի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող հյուրեր կժամանեն Հայաստան: