Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, նշել է․

«Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները շատ հետաքրքիր են, սակայն դրանց գնահատման համար անհրաժեշտ է գործընթացները խորապես հասկանալ: Իրավիճակն անհրաժեշտ է դիտարկել 3 հարթությունում՝ իրավական, պետականաշինության և ներքաղաքական ոլորտներ, պայքարի մարտավարություն և ռազմավարություն:

Իրավական տեսանկյունից իրադարձությունները հաստատում են, որ Արցախը կայացած պետություն է, որտեղ երաշխավորված են քաղաքացիների խոսքի և ընտրության ազատության իրավունքները: Չնայած թվաքանակին՝ մի քանի տասնյակ կամ նույնիսկ մեկ մարդ, կարող են բողոքի ցույցեր կազմակերպել, պահանջել նախագահի հրաժարական: Հարցը ցուցարարների թիվը չէ: Բոլոր ցույցերը կարգավորելի են, եթե դրանք, բնականաբար, անցնում են օրենքի շրջանակում: Արցախում ժողովրդավարական ինստիտուտները լիակատար աշխատում են», - հայտարարեց Դավիթ Բաբայանը: Փոխանցում է news.am-ը։

Պետականաշինության տեսանկյունից իրադարձությունները ցուցադրում են օրենքի գերակայությունը․

«Ոչ ոք իրեն օրենքից վեր դասել չի կարող: Բոլորը պետք է օրենքը հարգեն: Սա պետության ուժն է: Իսկ Արցախն ամբողջ հայության հպարտությունն է», - նշեց նա:

«Ինչ վերաբերում է ներքաղաքական պայքարին, մարտավարությանն ու ռազմավարությանը, ապա ակնհայտ է, որ ուժեր կան, որոնք չեն կարողանում համբերել մինչև 2020թ․: Ոմանք փորձում են իրավիճակը տատանել: Հարցը բուն պահանջները չեն, այլ այն, թե ինչու են բարձրաձայնվում հիմա: Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի քանի օր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ մտադիր չէ 2020թ․-ին առաջադրվել: Սկզբունքորեն այլ կերպ չէր էլ կարող լինել: Սակայն սա որոշակի ուժերի ոտքերի տակի հողը սասանում է: Նրանց ամբողջ պայքարը կառուցվում է գործող իշխանությունների քննադատության վրա: Արցախի ժողովուրդը շատ բան կարող է ներել, սակայն չի ների օրենքի խախտումը և անարդարությունը: Եթե խախտում չկա, ապա այս ուժերը բողոքարկելու բան էլ չունեն, բացակայում է նախադրյալը, որ քաղաքական դիվիդենտներ վաստակեն: Սա գիտակցելով՝ նրանք փորձում են հիմա պահանջներ ներկայացնել», - նշեց Դավիթ Բաբայանը:

Նա, միաժամանակ, շեշտեց, որ Արցախի ժողովուրդը քաղաքական բարձր ինքնագիտակցություն ունի և չի դիմի իրավիճակի շահարկումների ու տատանման:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերի պատճառը ԱԱԾ աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպն էր: Ինչպես պնդում են լավատեղյակ մարմինները, միջադեպը կենցաղային բնույթ է ունեցել: