ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի անդամ
Հունիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը 3 տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։
Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի և հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցին անդամակցում է 54 երկիր։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։