ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ:

Վլադիմիր Պուտինը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար:

«Այդ շրջանակում նա ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ: Տեղի ունեցավ, այսպես ասած, ծանոթության արարողություն: Որևէ զրույց չի եղել, որևէ թեմա չի քննարկվել», -նշել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր երկօրյա աշխատանքային այցով: Նա ներկա է եղել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների: