ՀՀ-ում Zero Robotics-ը առաջին մրցույթ-ճամբարն է։

Հայաստանի Շիրակի մարզում հունիսի 8-22-ն առաջին անգամ անցկացվում է ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գործակալության և Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (Massachusetts Institute of Technology, MIT) համատեղ Zero Robotics երկշաբաթյա կրթական մրցույթ-ճամբարը։ Համաշխարհային հեղինակություն ունեցող մրցույթ-ճամբարն անցկացվում է ամեն տարի և ընդգրկում է տարիքային երկու խումբ՝ միջին և ավագ դպրոցի աշակերտներին: Ճամբարը Հայաստանում համակարգում են YES (Երիտասարդության հզորացում և կայունություն կազմակերպությունը) և World Vision Հայաստան ՄԲԿ-ն: Ծրագրի մանրամասների մասին խոսել է World Vision Հայաստանի Շիրակի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Նարեկ Թութխալյանը: փոխանցում է «ՊանԱրմենիան»-ը։

«Zero Robotics-ին մասնակցելու համար ամեն տարի հայտարարվում է մրցույթ, որին կարող են դիմել MIT-ի հետ գործակցող անհատները և կազմակերպությունները: YES կազմակերպության անդամներից՝ Մարիամ Ավագյանը, ով այժմ սովորում է ամերիկյան Թրինիթի քոլեջում, վերապատրաստվել է նաև MIT-ում՝ հենց Zero Robotics դասավանդելու համար: Օգտագործելով այս առիթը, որոշեցինք դիմել մրցույթին և ծրագիրը բերել Հայաստան: Ծրագիրը գործակցում է World Vision-ի հետ, քանի որ Հայաստանի 6 մարզում կազմակերպությունը ռոբոտաշինության ակումբներ ունի, և սա փոխադարձ հետաքրքրություն է առաջացնում», - պատմեց Թութխալյանը:

Հայ պատանիների կոդերը կփորձարկվեն ՆԱՍԱ-ի ռոբոտների վրա։ Ծրագրին մասնակցում են 14-16 տարեկան պատանիներ Շիրակից, Արագածոտնից, Լոռիից և Տավուշից։ Նարեկ Թութխալյանը պատմում է, որ մասնակիցները ճամբար-մրցույթի ընթացքում կոդ են գրելու, որը հաջորդ փուլ անցնելու դեպքում կուղարկվի ՆԱՍԱ՝ դեպի Միջազգային Տիեզերական Կայան (ՄՏԿ) և կփորձարկվի տիեզերառոբոտի վրա:

«Մասնակիցներն այս ամենին ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունենում: Սա հնարավորույթուն է տալիս նաև շփվելու հեղինակավոր աստղագետների հետ և տեսնելու, թե ինչպես է աշխատում կայանը», - ասաց նա:ւ

Թութխալյանը վստահ է՝ մասնակիցները բավականին շատ բան են սովորելու ռոբոտաշինության և կոդավորման վերաբերյալ, ինչը նրանց առջև «նոր հեռանկարներ կբացի, հնարավորություն կտա մասնակցելու այլ ծրագրերի»:

«Ծրագիրը մասնակիցների համար ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով՝ ամեն օր նրանց են այցելում բանախոսներ, որոնց հետ անցկացվում են ճանաչողական քննարկումներ ՏՏ, ռոբոտաշինության և այլ թեմաներով: Մենք այնպես ենք կազմել ծրագիրը, որ երեխաները և կոդավորում սովորեն, և խորացնեն իրենց ունեցած գիտելիքները, և իհարկե հետաքրքիր ժամանց ունենան: Նախատեսում ենք այց Բյուրականի աստղադիտարան, ինչպես նաև տեխնոպարկեր՝ Թումո, Դեբետի Smart կենտրոն և այլն», - եզրափակեց Թութխալյանը: