Անձնագրային համակարգում վաղվանից կգործի նոր ընթացակարգ
Հայաստանի ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն, համաձայն որի՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ անձը չունի հաշվառում և դիմում է անձնագրավորման համար:
«Միայն այդ դեպքում է, որ քաղաքացին դիմելու է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու և անձնագրավորվելու համար։ Ընդ որում, եթե քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում և ցանկանում է անձնագրում կատարել օտարերկրյա պետությունում վավերականության նշում, այդ դեպքում նույնպես կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն (հաշվառում չունենալը հիմք չէ անձնագրում վավերականության նշումը մերժելու համար, ի տարբերություն անձնագրավորման)», - ասված է հաղորդագրությունում:
Նոր ընթացակարգը գործելու է վաղվանից։