Հայաստանը միջազգային գործընկերներին տեղեկացնում է Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին: Այս մասին հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Փոխանցում է news.am-ը։

Նրա խոսքով՝ հայկական կողմն այս ուղղությամբ աշխատանք է իրականացնում դիվանագիտական ծառայության միջոցով, տեղեկացնում է կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների մասին:

«Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները «մարտերի» մասին սուտ են: Անհրաժեշտ է հիմնվել միայն մեր Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների վրա», - նշեց Բալայանը:

Նա շեշտեց, որ հայկական կողմի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար առաջնահերթ է մնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարումը: Պատասխանելով համանախագահների այցի ժամանակ ադրբեջանական կողմի սադրանքների մասին հարցին, որի հետևանքով վերջերս զինվոր զոհվեց, Տիգրան Բալայանը շեշտեց, որ սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պարտականությունների և ինստիտուտի հանդեպ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքի դրսևորում է: