Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար», - ասված է այս առիթով Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հրապարակած հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց համաձայնագիրը:

Նշենք, որ փաստաթուղթը վավերացրել են Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանները: