Այսօր կառավարության արտահերթ նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Նախօրեին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել և առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, ուզում եմ արձանագրել, որ գործ ունենք Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն արտահայտման հետ:

Ես շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին, նաև խնդրել եմ շնորհակալության խոսքերը փոխանցել ԱԱԾ աշխատակիցներին: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել, դրան նախորդել է ծավալուն աշխատանք, որի ընթացքում նաև որոշակի օրակարգ ենք ձևակերպել, որը վերաբերում է նաև իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին:

Ես առաջիկա օրերին խորհրդակցություն կհրավիրեմ այս թեմայով, որ այս հարցում հստակեցումներ մտցնենք և զարգացնենք իրավապահ համակարգի փոխգործակցության մակարդակը։

Գործ ունենք կոռուպցիոն մեծամասշտաբ երևույթի հետ: Գործը հանձնվել է ՀՔԾ-ին, և հույս ունեմ, որ գլխավոր դատախազությունը կապահովի քննության պատշաճ մակարդակը: Ոչ ես, ոչ հայ հանրությունը չենք տեսնում որևէ խոչընդոտ, որ այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն՝ անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ, ոչ մի խոչընդոտ չկա ու չի կարող լինել: Կոռուպցիայի հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, Կոռուպցիան ՀՀ-ից արմատախիլ է արվելու, թող ոչ ոք չկասկածի, որ դրան հասնելու ենք», - ընդգծեց վարչապետը:

Նա նկատեց, որ հիմա արդեն կարող են փաստացի արձանագրել, որ տարիներ շարունակ պնդումները, թե երկիրը սիստեմատիկ կերպով թալանվել է, հիմնավորվում են և թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն: