ԱԱԾ-ում քննվող քրգործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ապօրինաբար ձեռք բերելով հրազեն ու ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող կամ իր տիրապետության տակ գտնվող տարածքներում: Ինչպես հայտնում են գլխավոր դատախազությունից, քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից, ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ Գրիգորյանը սկսել է տեղափոխել, հրազենը տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով:

«․․․Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է «Ա.»-ին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի»․․․ 30 րոպե անց տվյալ անձը ներկայացել է խուզարկության վայր և հայտնել, որ ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն: Այս հանգամանքն առանձնակի նշանակություն ունի Գրիգորյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով՝ փաստերով որ նա հընթացս միջոցներ է ձեռնարկել դատավարությանը մասնակցող անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ի՝ հունիսի 17-ին տարածած հաղորդագրությունում հայտնած առգրավված մեքենաներից, զենքից ու բանակին հասցեագրված օգնությունից բացի խուզարկությունների արդյունքում Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում գտնվել է 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ (շուրջ $316 հազար՝ ընթացիկ փոխարժեքներով՝ խմբ․)։ Ըստ հողարդագրության, ևս 36.884.370 ՀՀ դրամ է գտնվել Գրիգորյանի ընկերություններից մեկին պատկանող տարածքներում (ընդամենը՝ շուրջ $393 հազար՝ ներառյալ վերը թվարկած գումարները՝ խմբ․)։

Նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ-ն սահմանված կարգով սնունդ, զինվորական հանդերձանք է տրամադրել ԵԿՄ-ին՝ իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ: Հաղորդագրությունում երկար թվարկվում են, նախաքննության համաձայն, Գրիգորյանի կողմից ՊՆ, ՊԲ, քաղաքացիների ու կազմակերպությունների նվիրաբերված գույքի հափշտակման դեպքերն ու հարուցված քրգործերի մանրամասները։ Նշվում է, որ Գրիգորյանի հետ փոխկապակցված «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ տարածքում հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ: Դրանք, այդ թվում, օգտագործվել են որպես կենդանիների կեր։

«․․Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու․․․ ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

Ձեռք բերված տվյալները՝ վկայում են հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի, որպես Գրիգորյանի կալանավորման պայմանի, առկայության մասին: Ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը բազաթիվ անձանց ներգրավվածությունը, ռազմամթերքի քանակը, նաև զինվորների համար նախատեսված գույքի հափշտակությունը, որին կարող են ներգրավված լինել բազմաթիվ անձինք, վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

«Վերոնշյալ հանգամանքները էապես բարձրացնում են ազատության մեջ գտնվելու դեպքում Գրիգորյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ապօրինաբար ազդելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ՔՕ-ով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականությունը», - նշվում է հաղորդագրությունում։