Իր 70-ամյա հոբելյանն է տոնում Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը։ Հունիսի 20-ին ժամը 19:00-ին` Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա ՀՀ Ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի ծննդյան 70 և ստեղծագործական 50 - ամյակներին նվիրված երեկո:

«Մայրս ուզում էր, որ բժիշկ դառնամ կամ իրավաբան: Հայրս պնդում էր, որ Սանթրոսյան ազգանունը բեմից չպետք է իջնի: Ու նա եղավ իմ առաջին ուսուցիչը, քննադատը, ոգեշնչողը: Նրանից շատ շնորհակալ եմ, որ արգելք չեղավ, ու երբևէ որևէ ակնարկ չարեց, թե ինչի ընտրեցիր այս մասնագիտությունը: Անշուշտ, շատ դժվարությունների էի հանդիպում, ու երբ նա տեսնում էր, որ թևաթափ եմ լինում, անմիջապես ոգեշնչում էր։

«Բեմում լինում են և´ անկումներ, և´ վերելքներ, հաջողություններ ու անհաջողություններ։ Արվեստագետը պետք է հաղթահարի այդ ամենը», - ասում էր հայրս: Ես միշտ մտածել եմ, որ հայրս բավական բան է արել մեր թատրոնի համար: Եվ ես իմ առջև խնդիր դրեցի, որ ամեն դեպքում նշաձողը չիջեցնեմ», - պատմել է Ա. Սանթրոսյանը: Փոխանցում է «Պանորամա»-ն։

Խոսելով մասնագիտության մասին, Ա. Սանթրոսյանն ընդգծել է.

«Անկեղծ ասած, իմ կյանքն առաջին հերթին թատրոնն է, հետո նոր մնացածը։ Հանուն թատրոնի ես պատրաստ եմ զոհաբերությունների գնալ ու գնացել եմ... Ինձ համար թատրոնն այն հեքիաթային աշխարհն է, որտեղ չես դադարում զարմանալ, չես կարող ձանձրանալ, եթե իսկապես նվիրված ես բեմին, սիրում ես գործդ: Իսկ ես սիրում եմ իմ մասնագիտությունը, նաև շարունակում եմ հորս արած աշխատանքը, որը, ցավոք, կիսատ մնաց. նա շուտ հեռացավ կյանքից»:

Նշենք, որ Արմեն Սանթրոսյանը ծնվել է 1947թ․-ին Երևանում։ 1964թ․-ին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1968թ․-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, 1972թ․-ին՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1965-1967թթ․-ին եղել է «Արշալույս», 1967թ․-ից, միաժամանակ, Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի և «Նորք» թատրոնների դերասան:

1997թ․-ից բեմական խոսք է դասավանդում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանիկուլտուրայի ֆակուլտետում, 2006թ․-ից` դոցենտ:

Գրել է «Ճառ ասեք, թե…», «Դալար շիվեր», «Հույս, հավատ, սեր», «Անհաղթ աքլորը», «Սարդոստայն», «Ախ, այդ փշերը», «Ռուբեն Սևակ», «Հրաշագործ սրինգը» և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են երևանյան թատրոններում, ինչպես նաև` Հալեպում: Բազմաթիվ թերթերում, ամսագրերում հանդես է եկել թատերական արվեստին վերաբերող հոդվածներով: «Լիր արքա», «Մի քաղաքի պատմություն» մոնոներկայացումներով մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված փառատոների, արժանացել տարբեր մրցանակների: