Թուրքիայի սահմանադրական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որով օրինական է համարել տրանսսեքսուալների` փողոցում հաճախորդ սպասելը:

Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ 3 տարի առաջ սկսված դատական գործընթացի համար առիթ էր հանդիսացել փողոցում հաճախորդ սպասելու համար մի տրանսսեքսուալի տուգանելը:

Ջեմ Բուրաք անունով տրանսսեքսուալը դատի էր տվել իրեն տուգանած ոստիկաններին, սակայն տանուլ էր տվել առաջին ատյանի դատարանում: Վճիռը բարձր ատյանների դատարանում բողոքարկելուց հետո սահմանադրական դատարան հասած գործընթացն ավարտվել է Բուրաքի հաղթանակով:

Երկրի բարձրագույն դատարանը որոշումը պարզաբանել է այն հանգամանքով, որ տուգանքի արձանագրության մեջ գրված «պոռնկության նպատակով ուրիշներին անհանգստացնել» նկարագրությամբ զանցանքի համար անձին չի կարելի տուգանել զանցանքների մասին օրենքի հատկանիշներով:

«Անձը չի կարող պատժվել այն հանցանքի համար, որը տվյալ պահին գործող օրենքով սահմանված չէ որպես հանցագոործություն: Հանցանք գործած անձը չի կարող ավելի ծանր պատժի ենթարկվել, քան այն պատիժը, որը սահմանված է եղել հանցագործության պահին»,- նշված է սահմանադրական դատարանի որոշման մեջ:

Թուրքական աղբյուրն ավելացնում է, որ այս որոշումը նախադեպային է, ինչը նշանակում է, որ այսուհետև հնարավոր չի լինի տուգանել տրանսսեքսուալներին միայն նրա համար, որ վերջինները փողոցում հաճախորդի են սպասում: