ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն արգելվում է սահմանին միգրանտների ընտանիքների բաժանման պրակտիկան: Այս մասին հաղորդել է CNN-ը:

«Հրամանագիրն» այնպես կանի, որ ընտանիքները մնան միասին, բայց միևնույն ժամանակ այն թույլ կտա ապահովել սահմանի ամրությունն ու անվտանգությունը, որը կլինի նույնպիսին, եթե ոչ ավելի խիստ, քան նախկինում էր», - հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը հրամանագրի ստորագրման հեռարձակման ժամանակ:

Որոշման մեջ նշված է, որ միգրանտների ընտանիքները կպահվեն միասին, բացառությամբ այն դեպքերի, երբ մտահոգություն կա երեխայի բարեկեցության հարցում:

Թրամփը հավելել է, որ իրեն դուր չի գալիս տեսնել, թե սահմանին ինչպես են միգրանտների երեխաներին բաժանում ծնողներից, այնուամենայնիվ ինքը կշարունակի «զրոյական հանդուրժողականության» պրակտիկան և քրեական հետապնդման կենթարկի նրանց, ովքեր անօրինականորեն հատում են սահմանը: Ապրիլին ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել է միգրացիոն օրենսդրության խախտողների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն սկսելու մասին: