Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը և վերահաստատում այն առավել ամրապնդելու՝ Հայաստանի հանձնառությունը, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասել է այսօր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ:

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների, առաջին հերթին՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

Զոհրաբ Մնացականյանն իր հերթին արձանագրել է, որ Հայաստանի համար այս նշանակալի ժամանակահատվածում Գործընկերության խորհրդի նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում անմիջական մտքերի փոխանակում ծավալել Հայաստան-Եվրամիություն համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Նա նաև ընդգծել է, որ սա առաջին հանդիպումն է, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանալից անդրադարձ է կատարելու դրա դրույթների իրագործմանը։

ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կառուպցիայի սպառնալիքներին և մարտահրավերներին։

Այս համատեքստում ԵՄ բարձր հանձնակատարը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ միաժամանակ վերահաստատելով Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին աջակցելու՝ ԵՄ պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, շարժունակության, մարդու իրավունքների, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցության շուրջ, խոսել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների ու խնդիրների մասին՝ հատուկ շեշտելով այն հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության օրակարգում։

Զոհրաբ Մնացականյանը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ այս համատեքստում վերահաստատելով Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես՝ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Բանակցային գործընթացի առաջմղման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը:

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։