Հայաստանում հունիսի 26-ից մեկնարկում է Rafting.am ծրագիրը, որտեղ շրջանակներում էքստրեմալ հանգստի սիրահարները, Հայաստանի բնակիչները և զբոսաշրջիկները կկարողանան ռաֆթինգով ( 2, 4 և 6 տեղանոց փչովի լաստանավերով՝ ռաֆթերով, լեռնային գետերով և թիավարման արհեստական ջրանցքներով անցնելու մարզաձև է) զբաղվել Դեբետ գետում: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի առաջին փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը:

Ռաֆթինգը կկազմակերպվի Լոռու մարզի Թումանյան համայնքի Դեբետ գետում: Նախագիծն իրականացվում է «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Նախագծի ընդհանուր բյուջեն 3 միլիոն դոլար է կազմել:

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ ծրագիրը իրականացվում է «Երիտասարդ Կանանց Ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Տնտեսական զարգացման ևւ ներդրումների նախարարության աջակցությամբ:

Ինչպես նշեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Արման Վալեսյանը․

«Այս ծրագիրը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա գյուղական վայրերում աշխատատեղերի ստեղծման առումով: Ըստ նախնական հաշվարկների՝ ծրագիրը մոտ 10 աշխատատեղ կստեղծի, սակայն գյուղացիները եւս ներգրավված կլինեն ծրագրում՝ ապահովելով մի շարք լրացուցիչ ծառայություններ, մասնավորապես՝ զբոսաշրջիկների համար սննդի, կացարանի, արշավների կազմակերպման հետ կապված», - ասաց նա:

«Երիտասարդ Կանանց Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հերթին տեղեկացրեց, որ ծրագրի մշակման և նախապատրաստման աշխատանքները կատարվել են մեկ տարվա ընթացքում: Ծրագրից ստացված միջոցները կուղղվեն երիտասարդ կանանց և ընտանիքների խնդիրների լուծմանն ու կենսամակարդակի բարձրացմանը: Խոսելով տուրի արժեքի մասին՝ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ արդեն իսկ կազմվել են սնունդը եւ կացարանը ներառող մեկօրյա և բազմօրյա փաթեթներ: Մեկօրյա տուրի արժեքը, որը կտևի մեկից մեկուկես ժամ և կձգվի Հաղպատից մինչև Նեղոց, կկազմի 12 հազար դրամ:

«Այժմ քննարկումներ են տարվում տուրիստական ընկերությունների հետ՝ ռաֆթինգ տուրերը զբոսաշրջիկների փաթեթների մեջ ներառելու համար: Ծրագրի զարգացման համար համագործակցություն է իրականացվում նաև Վրաստանի Ռաֆթինգի ասոցիացիայի հետ, որտեղ այս տուր արտադրանքն արդեն վաղուց սեր է վայելում զբոսաշրիկների շրջանում և գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մենք Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվել ենք համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Բացի այդ, Հայաստանի ռաֆթինգի թիմը պատրաստվում է մասնակցության հայտեր ներկայացնել՝ տարածաշրջանային և միջազգային միջոցառումներին մասնակցելու համար», - նշեց Լիլիթ Ասատրյանը:

Դեբեդ գետում ամենօրյա ռաֆթինգ տուրերը մեկնարկում են հունիսի 27-ից: