Թուրքական կառավարությունը որոշել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան 22 անուն ապրանքների համար: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի կողմից ներկրման համար սահմանված մաքսատուրքերի պատճառով Թուրքիայի վրա լրացուցիչ բեռը կկազմի մոտ 260 մլն դոլար: Այս վնասները փոխահատուցելու համար մենք որոշել ենք հունիսի 21-ից 300 մլն դոլար ընդհանուր ծավալով ամերիկյան 22 անուն ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել», - ասել է նախարարը: Նա նշել է, որ ցանկում ներառվող ապրանքների մասին կառավարությունն առանձին որոշում կընդունի:

«Մենք 1.18 մլրդ դոլարի պողպատ ենք արտահանում ԱՄՆ, ԱՄՆ-ից ներկրումը կազմում է 1.3 մլրդ դոլար: Մենք փորձում էինք հարցը բանակցությունների ճանապարհով կարգավորել, բայց մեր միջեւ առողջ երկխոսություն այդպես էլ չհաջողվեց կառուցել: ԱՄՆ-ն աշխարհի հետ առեւտրային պատերազմ է վարում», - ասել է նախարարը:

Մարտին ԱՄՆ-ն ալյումինի և պողպատի համար համապատասխանաբար 10 և 25 տոկոս մաքսատուրքեր սահմանեց: Մաքսատուրքերը տարածվում են բոլոր երկրների վրա, որոնք ԱՄՆ արտադրանք են արտահանում:

Մի շարք երկրներ, այդ թվում ԵՄ-ի երկրները, Կանադան և Մեքսիկան հետաձգման հնարավորություն ստացան, սակայն հունիսի մեկից մաքսատուրքերը սկսեցին նաև նրանց համար գործել: Ի պատասխան ԵՄ երկրները պայմանավորվեցինք 25 տոկոսանոց մաքսատուրքրեր սահմանել 2.8 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ամերիկյան ապրանքների համար: Համարժեք միջոցներ կիրառելու մասին են արտահայտվել նաև Հնդկաստանը, Թուրքիան, Մեքսիկան և այլ երկրներ: