ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, 2018թ․-ի հունիսի 21-ին խուզարկություններ են կատարվել հրամանատարի աշխատասենյակում, Երկրապահ կամավորականների միությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում: Փոխանցում է news.am-ը։

Հայտնաբերվել և առգրավվել է երկու օդամղիչ հրացան, իսկ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է քրեական գործի համար էական նշանակություն ունեցող նոթատետր և գումարի փոխանցման անդորրագիր, որոնցում առկա տեղեկությունների վերաբերյալ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ:

Ավելի վաղ տեղեկացրել են, որ N զորամասի հրամանատարին, կոչումով՝ փոխգնդապետ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։