ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ փոխկապակցված «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերությունը պետությանը մոտ 300 մլն դրամի վնաս է հասցրել: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Փոխանցում է «ՊանԱրմենիան»-ը։

Նշվում է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքով ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018թ․-ի մայիսի 2-ին և հունիսի 18-ին քրեական գործեր են հարուցվել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2010թ․-ին: Հիմնադիրներն են՝ Գոռ Առաքելյանը` 20% բաժնեմասով, ով 2011թ․-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ղեմբերջյանը` 20% բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20% բաժնեմասով, և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 % բաժնեմասով:

«Ընկերությունը Երևանի Բյուզանդի 3 հասցեում իրականացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում: 2013-2017 թթ․-ին իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը՝ 3,5 մլն դրամ, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններով առաջացրել է մոտ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման: Բացի այդ, պարզվել է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016-ի առաջին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում մոտ 140 մլն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել», - նշվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Պարզվել է նաև, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 40% բաժնետեր հանդիսացող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն է հանդիսանում Լևոն Ազատի Սարգսյանն, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը, միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20% բաժնետեր է: Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ է: Խորհուրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 20% բաժնետեր Գաբրիել Ղեմբերջյանը:

Նշվում է նաև, որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի իրավաբանական հասցեն է Երևանի Երվանդ Քոչարի պողոտա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, սակայն, ըստ էության, ընկերությունը եկեղեցում գործունեություն չի իրականացրել, այլ փաստացի գործունեություն է ծավալել այլ հասցեում:

ՊԵԿ քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 10 հասցենում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ: Ընկերության կողմից լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական և դատավարական գործողություններ:

Ծանուցում. ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: