«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ, ելույթ է ունենալու աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը։

Նշենք, որ Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը: Օժտված է ապշեցուցիչ ձայնային կարողություններով։ Երգչուհին հանդես է գալիս հսկայածավալ օպերային ռեպերտուարով՝ անթերի կատարելով Վերդի և Պուչինի, ինչպես նաև ֆրանսիական, ռուսական և կամերային երաժշտության լայն երկացանկ:

Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, Սանկտ Պետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, այլոց շարքում:

Անգլիական «The Guardian»-ը գրել է.
«...Հարությունյանը երգում է այնպիս ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի...»:

Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:

Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 19-րդ փառատոնը մեկնարկել է հունիսի 11-ին Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարել է ծագումով էստոնացի ամերիկացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին: Հունիսի 16-ին Զարթնոց տաճարում ելույթ է ունեցել «Հորտուս Մուզիկուս» անսամբլը: