ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում, նրա որդին` էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ: Նա յուրացրել է Ապրիլյան պատերազմի ընթացքում ՌԴ-ից որպես նվիրատվություն ուղարկված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները: Այս մասին հայտնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016թ․-ին մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենա, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով:

Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ» մակնիշի, ընդհանուր` 10 մլն դրամին համարժեք 1,389 ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք, պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:

Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: