Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հունիսի 20-ից 23-ը Երևանում էր Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալենտին Երշովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համալսարանի աշխատանքային իրավունքի և սոցիալական ապահովության իրավունքի ամբիոնի վարիչ Ելենա Երշովան և Հյուսիս-արևմտյան մասնաճյուղի (Սանկտ-Պետերբուրգ) տնօրեն Յարոսլավ Ժոլոբովը: Պատվիրակության բոլոր անդամները պաշտոնաթող դատավորներ էին:

Այցի գլխավոր նպատակը երկու կառույցների միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր և այդ շրջանակում համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված հարցերի քննարկումը:

Հուլիսի 21-ի միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ունկնդիրները, աշխատակազմը: Փաստաթուղթը ստորագրեցին Սերգեյ Առաքելյանը և Վալենտին Երշովը: Հուշագիրն ամրագրեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու ցանկությունը: Սերգեյ Առաքելյանը ջերմորեն ողջունեց հյուրերին և երախտագիտություն հայտնեց հրավերն ընդունելու և հուշագիրը ստորագրելու նպատակով Երևան ժամանելու համար․

«Այսօր ևս մեկ նշանակալի օր է Ակադեմիայի համար, քանի որ իրավական հիմքի վրա ենք դնում ռուսաստանյան կարևորագույն կառույցներից մեկի՝ Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի հետ մեր համագործակցությունը: Կառույցը որոշակի տարբերություններ ունի Ակադեմիայի հետ, բայց այն հիմնական գործառույթները, որոնք կապված են դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստման, գործող դատավորների վերապատրաստման, որակավորման բարձրացման հետ, այնքան ընդհանրություններ ունեն, որ կարծում եմ՝ մեր համագործակցությունն իր դրական պտուղները մոտ ապագայում կտա», - նշեց Սերգեյ Առաքելյանը:

Իր հերթին Վալենտին Երշովը փաստեց, որ մեծ ուրախությամբ են ընդունել հրավերը և ընդգծեց Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ դերը: Ռեկտորը հակիրճ ներկայացրեց Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի 20-ամյա գործունեության հիմնական ուղղությունները․

«Համալսարանում տարեկան վերապատրաստվում է 35 հազարից ավելի դատավոր, դատական համակարգի 100 հազարից ավելի ներկայացուցիչ, ինչպես նաև ուսումնառություն է անցնում 23 հազար ուսանող: Ավելին՝ Համալսարանը երկրի 11 քաղաքներում մասնաճյուղեր ունի, ընդհանուր առմամբ՝ 2000-ից ավելի աշխատակից, շուրջ 1500 դասախոս»:

Հանդիսավոր միջոցառումից հետո Վալենտին Երշովը Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների առաջ հանդես եկավ դասախոսությամբ, նաև ներկայացրեց իր հեղինակած «Հասարակական հարաբերությունների իրավական և անհատական կարգավորումը» վերտառությամբ մենագրությունը: Հեղինակը լսարանին ներկայացրեց գրքի ընդհանուր դրույթները, դասախոսությունը վերածվեց քննարկման՝ հարց ու պատասխանի ձևաչափով: Վ. Երշովը գրքի մի քանի օրինակ նվիրեց Ակադեմիային և մասնագիտական ոլորտում համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

Այցի շրջանակում պատվիրակության անդամների համար հնարավորություն էր ստեղծվել նաև ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակութային ժառանգությանը: Հյուրերը չափազանց տպավորված էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մատենադարան, Սևանավանք կատարած այցերից: