Շվեյցարիան հումանիտար գրասենյակ է բացել Դամասկոսում: Այդ մասին ասված է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի (նախարարության) հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, գրասենյակի բացումը նպատակամղված է «աղետալի վիճակում գտնվող մարդկանց հետ կապի մեջ մտնելու իրադրության բարելավմանը, ինչպես նաև հումանիտար նախագծերի աջակցմանն ու ավելի հստակ համակարգմանը», ինչը կմեծացնի հումանիտար օժանդակությունը Սիրիայում: Ավելի վաղ դրանով զբաղվում էին Շվեյցարիայի ներկայացուցչությունները Սիրիայի հարևան երկրներում՝ Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում:

«Սիրիական ճգնաժամի կապակցությամբ հումանիտար օգնությունը ներկայումս Շվեյցարիայի ամենակարևոր հումանիտար գործողությունն է»,-ընդգծվում է հայտարարության մեջ:

ԱԳ նախարարությունում նշել են, որ 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր Շվեյցարիան որպես աջակցություն տեղի բնակչությանը փոխանցել է 315 մլն ֆրանկ (մոտավորապես 310 մլն դոլար): Այդ գումարների գրեթե կեսն ուղղվել է հումանիտար օգնությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: