Հունիսի 25-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ:

Շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձավ առանցքային որոշ հարցադրումների:

Կարևորվեց դատարանների ծանրաբեռնվածության, նյութատեխնիկական ապահովման, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրների լուծումը:

«Մեր գերագույն խնդիրներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Մեկնարկել է պիլոտային ծրագիր՝ պարզելու դատարանների ծախսատարության հարցը: Եվ այդ մեկնարկը տրվել է հենց Վարչական դատարանից: Մեր նպատակն է ոչ թե խնդրի մեխանիկական վերհանումը, այլ բովանդակային վերլուծության ենթարկելը: Անելու ենք ամեն ինչ՝ ունենալու առավել բարձր որակի վարչական արդարադատություն», - նշեց Խորհրդի նախագահը:

Օրակարգային հարցերի քննարկումից զատ նախատեսված էր նաև ՀՀ վարչական դատարանի նախագահի ընտրություն:

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատարանի 22 դատավորների կազմից դատարանի նախագահ ընտրեց Աղասի Դարբինյանին:

Առավելագույն ձայներ ստացել էին.

  1. Դարբինյան Աղասի – 6 կողմ
  2. Ղազարյան Արգիշտի – 3 կողմ
  3. Սոսյան Գևորգ – 1 կողմ