Վերջին 40 տարիների ընթացքում երկրորդ անգամ Իրանում կանայք հնարավորություն ունեցան հրապարակայնորեն դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Երեկ նրանց թույլատրվել է հետևել Պորտուգալիայի թիմի հետ Իրանի հավաքականի հանդիպմանը Թեհրանի «Ազադի» մարզադաշտի մեծ էկրանին՝ չնայած բողոքներին այն խմբերի կողմից, որոնք կողմ են կանանց նկատմամբ արգելքը կրոնական նկատառումներով պահպանելուն, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը:

Հինգ օր առաջ էլ իրանցի կանանց հնարավորություն էր տրվել մայրաքաղաքի նույն մարզադաշտում դիտելու աշխարհի առաջնության Իրան-Իսպանիա հանդիպումը:

Նշենք, որ Իրանում 1979թ․-ի Իսլամական հեղափոխությունից հետո կանանց չի թույլատրվում ներկա լինել տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումներին: Երկրի ներկայիս նախագահ Հասան Ռոհանին բազմիցս քննադատել է այդ արգելքը և ֆուտբոլային կառույցներին վստահեցրել, որ այն վերացվելու է: