Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) չգրանցված աշխատողներ է բացահայտել հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մոտ:

Կոմիտեն՝ վկայակոչելով ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 5-րդ բաժնի պետ Գեղամ Սարմազյանին, նշում է, որ «ՆԻԿՎԻՆ» ընկերությունը Կոտայքի մարզի Արամուս գյուղի մերձակայքում իրականացնում է միաժամանակ 2 գործունեություն` հանրային սննդի և տաքսի ծառայության մատուցում:

«Արտոնագրային հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում ընկերությունը նշել է 215 մետր քառակուսի մակերեսով սպասարկման տարածք և 8-9 մեքենա, սակայն 2018թ․-ի մայիսին հայտարարագրել է վարձու աշխատողների ակնհայտ քիչ թվաքանակ` ընդամենը 23 հոգի: Տնտեսվարողը 17 վարձու աշխատողի հետ չի կնքել պայմանագիր և հարկային մարմին նախապես չի ներկայացրել գրանցման հայտ, ինչը նախատեսված է Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ կետով», - նշել է Սարմազյանը՝ հավելելով, որ ռիսկերի վերլուծության համակարգով վերհանված տվյալների հավաստիության հաստատումից հետո տնտեսվարողի մոտ իրականացվել է թեմատիկ ստուգում և առաջադրվել տուգանք՝ 10 մլն 200 հազար դրամ:

Ըստ ՊԵԿ-ի, չգրանցված վարձու աշխատողների առկայության ռիսկը հիմնավորվել է նաև Երևանի Աբովյան 8 հասցեում հանրային սննդի գործունեությամբ զբաղվող «ԷՓՐԻՔՈԹ ՓՐՈՋԵՔԹ» ընկերության պարագայում: Ընկերությանը պատկանող «Ոստան» ռեստորանային համալիրում ստուգումների ժամանակ, ըստ ՊԵԿ-ի, փաստացի աշխատել են 36 վարձու աշխատակից, սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հայտեր ներկայացված են ընդամենը 8 հոգու համար, 28-ի պարագայում հայտերը բացակայում են: Ընկերությանը լրացուցիչ պետական բյուջե վճարման ենթակա գումար է առաջադրվել 16 միլիոն 800 հազար դրամ։

ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել նաև Արարատի մարզի Դիտակ համայնքում հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Հրաշք այգի» ընկերությունում։

Ստուգման արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 31 չգրանցված վարձու աշխատող:

«Դա նախատեսում է տուգանք 18 միլիոն 600 հազար դրամի չափով, իսկ արձանագրված ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը նախատեսում է տուգանք` 150 հազար դրամի չափով: Ընդհանուր տուգանքը կկազմի 18 մլն 750 հազար դրամ», - ասել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 9-րդ բաժնի պետ Հովհաննես Առաքելյանը:

«Ստուգումները դեռ շարունակվում են. վերջնական արդյունքները կամփոփվեն ստուգման ավարտից հետո ստուգման ակտում», - ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։