ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ Էդուարդ Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, ով նախկինում նույնպես պատգամավոր է եղել, 1994թ․-ի ապրիլի 16-ին Էջմիածին քաղաքում սպանել է իր հորը՝ Մհեր Վլադիմիրի Պողոսյանին:

«Հայրիկիս անժամանակ մահից հետո ես՝ մորս և երկու մանկահասակ եղայրներիս հետ միասին ստիպված եմ եղել լքել մեր հայրենիքը և մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում: Հայրենիքը լքելու պատճառն իմ և իմ ընտանիքի անվտանգությանն անմիջականորեն սպառնացող վտանգն էր: Ականատեսներն ընտանիքիս պատմել են, որ հայրս սպանվել է Արմավիրի մարզի Ակնալիճի տարածքում այդ տարիներին գործող, ներկայումս Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում, երբ փորձել է պաշտպանել այդ տարիներին Էջմիածնի էլեկտրական ցանցի տնօրեն «Ֆալչի Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանին, ում հետ Հրանտ Գրիգորյանը վիճաբանելիս է եղել: Միջամտելով վիճաբանությանը՝ հայրս փորձել է հանդարտեցնել, սակայն Հրանտ Գրիգորյանի արձակած երկու կրակոցից, որոնցից մեկը դիպել է կրծքավանդակին, իսկ մյուսը՝ գլխին, հայրս տեղում մահացել է», - գրել է նա:

Նա նշել է, որ իր ընտանիքը դեպքի մասին վախեցել են բարձրաձայնել և «Մանվել Գրիգորյանի սպառնալիքների ազդեցության տակ լռելյայն տարել է այն հորինված վարկածը, թե իբր Պողոսյանը սպանվել է Արցախյան գոյամարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս»: