Հուլիսի 2-6-ը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն տարբեր տեսակի զորքերի, հատուկ նշանակության ուժերի, բանակի տարբեր միավորումների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժություններին կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, մինչև 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա, գրում է ԱՊԱ-ն:

«Զորավարժությունների ընթացքում կխաղարկվեն ռազմական գործողությունների վարման տարբեր սցենարներ, այդ թվում` պայմանական հակառակորդին հրթիռահրետանային, հրետանային հարվածներ հասցնելու, ավիացիայի ու անօդաչուների կիրառմամբ: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է նաև մարտական կրակի կիրառում ամեաարդիական զինատեսակներից և ռազմատեխնիկայից, որոնք կան ադրբեջանական բանակի զինանոցում», - ասվում է հաղորդագրության մեջ: