Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2019թ․-ի հուլիսի 1-ը:

Բացառություն են կազմում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղերը, հակասնկային դեղերը, հակամիկոբակտերիային դեղերը, հակավիրուսային դեղերը,իմունային շիճուկները և իմունոգլոբուլինները, պատվաստանյութեր) դեղերը: Այս որոշումը հաստատվել է կառավարության նիստի ժամանակ:

Հակավարակային՝ հակաբիոտիկ դեղեր բաց թողնելը պետք է շարունակել իրականացնել դեղատոմսով, քանի որ դրանց նկատմամբ զարգացող կայունության հետևանքները լուրջ մարտահրավեր են առողջապահության համակարգի համար, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Մինչդեռ հայտնի է, որ դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում է հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, այդ թվում ինքնաբուժման նպատակով:

Ստեղծված իրավիճակն առողջապահական ծախսերի չնախատեսված մեծացման պատճառ է դառնում, այսինքն՝ երբ հիվանդները չեն բուժվում առաջին ընտրության դեղերով, անհրաժեշտություն է առաջանում կիրառել առավել նոր սերնդի, թանկարժեք հակաբիոտիկներ, պահանջվում է ավելի երկարատև բուժում մեծամասամբ հիվանդանոցային պայմաններում,որոնք և ենթադրում են ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ ողջ հասարակության առողջապահական ծախսերի բեռի ծանրացում:

Որոշումն ուժի մեջ մտնելուց և կիրառվելուց հետո մինչև 2019թ․-ի ավարտը կամփոփվի ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի N1402-Ն որոշման կիրառման պրակտիկան, կվերլուծվեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, չարաշահումները, իսկ արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկություններ կներկայացվեն կառավարություն:

Այդ ընթացքում կքննարկվեն բոլոր դիտողություններն ու առաջարկները՝ձեռնարկելով որոշման կիրարկման խոչընդոտները հաղթահարելու միջոցառումներ: Նախորդիվ նախարարությանն այսպիսի առաջարկով դիմել էին նաև մասնագիտական տարբեր միություններ և պացիենտներ: