ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի զենքերն օրինական էին: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ, նրան բերման ենթարկելիս, չգիտեին՝ նրա զենքն օրինական է, թե ոչ:

«Բայց այն, որ մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր ունի, դա փաստ է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Օսիպյանի խոսքով ՝ այդ փաստն էլ ստուգելու համար նրան ոստիկանություն են տարել։

«Այո՛, զենքերն օրինական էին, և հիմա փորձագիտականում անցնում են համապատասխան փորձաքննություն», - ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ստացել են զանգեր, ակնարկներ՝ նրան ազատ արձակելու վերաբերյալ, Օսիպյանը պատասխանել է.

«Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»:

Նա ընդգծել է՝ իրեն որևէ ցուցում, որևէ հրաման չեն տվել:

«Ես օրենքի շրջանակներում եմ ցանկացած գործողություն իրականացնում», - նշել է ՀՀ ոստիկանապետը: