Հունիսի 28-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց կլոր սեղան-քննարկում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերյալ: Միջոցառումն իրականացվեց Ակադեմիայի և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) միջև համագործակցության արդյունքում՝ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից՝ ԵՄ և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակում:

Բանախոսներն էին՝ Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ), Գոռ Հակոբյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր): Քննարկմանը ներկա էր նաև «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը:

ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո ԵԽ-ն նախաձեռնել է այս սեմինարների շարքը, որպեսզի և՛ դատավորներին, և՛ դատավորների օգնականներին հնարավորություն ընձեռի օրենսգրքի նախագծի համահեղինակների հետ քննարկել այն բոլոր իրավական կարգավորումները, նորամածությունները և կիրառման ընթացքում առաջացած գործնական հարցերը, որոնք նախատեսված են սույն օրենսգրքով:

Վերջին երեք ամիսներին վերոնշյալ ծրագրի շրջանակում անցկացված նման քննարկումներին մասնակցել է ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործեր քննող շուրջ 60 դատավոր և դատավորների 30 օգնական: