Արդարադատության ակադեմիայի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության արդյունքում և «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում հունիսի 29-ին անցկացվեց «Դատական ակտի կազմման հմտություններ» թեմայով սեմինար:

Մասնակցում էին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վարչական դատարանի դատավորները, իսկ սեմինարը վարում էին գերմանացի փորձագետները՝ Գերմանիայի վարչական դաշնային դատարանի դատավոր, պալատի նախագահ դոկտոր Ռյուդիգել Ռուբելը և Հեսեն երկրամասի Գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Վոլֆգանգ Ռայմերսը: Սեմինարին ներկա էր նաև «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի փորձագետ Անի Չիլինգարյանը:

Սեմինարի մասնակիցներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և շնորհակալություն հայտնեց փորձագետներին այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևան ժամանելու համար: Ռեկտորը վստահություն հայտնեց, որ GIZ-ի հետ համատեղ անցկացված նախորդ միջոցառումների նման այս մեկը ևս կլինի արդյունավետ:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին թեմայի վերաբերյալ բազմաթիվ հարցեր՝ դատական ակտերի կազմման հմտությունները կատարելագործելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ներկայացվեցին գերմանական փորձի առանձնահատկությունները, իսկ Հայաստանի դատավորներն էլ կիսվեցին իրենց փորձով: