Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով հուլիսի 4-ից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.

- հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,

- հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

«Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- հայտնում են քաղաքապետարանից։